24/11/2018 15:05
Երկրում օրեցօր վատթարանում է սոցիալ-տնտեսական իրավիճակը. Արթուր Բաղդասարյան
Հեղափոխությունը Հայաստանում արվեց, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, որ արմատախիլ լինեն կոռուպցիան, գանձագողությունը, բայց 7 ամիս է անցել, տնտեսական զարգացման հստակ ծրագրեր չկան, այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Հեղափոխությունը, նրա կարծիքով, պետք է բերեր տնտեսական զարգացում նոր Հայաստանում, նոր հնարավորություններ, ազատություն, պատասխանատվություն, տնտեսական աճ, բարեկեցություն, աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային խնդիրների լուծում։
«Մենք, սակայն, այս հարցերի պատասխանը չենք տեսնում», - հայտարարեց Բաղդասարյանը։
Նա ասաց, որ կառավարությունը, հակառակը, ավելացնում է պարտքերը, նոր վարկային պայմանագրեր է ստորագրում և միայն վերջերս 50 մլն դոլարի վարկային պայմանագիր է ստորագրել՝ բյուջետային ծախսերը կատարելու համար։ Ավելին, Բաղդասարյանի խոսքով, Հայաստանում ներդրումներ չեն կատարվում, դրանք նույնիսկ նվազել են։
«Մենք չենք տեսնում քայլեր, գործողություններ, ծրագրեր, որոնք Հայաստանում կարող են բերել նոր ներդրումներ, նոր աշխատատեղեր», - հայտարարեց Բաղդասարյանը՝ իր համակիրների առաջ։
ՕԵԿ նախագահը նկատեց, որ նոր Հայաստանին պետք են գաղափարներ ու մարդկանց կրթված տեսակ, որը կարող է խնդիրներ լուծել։
«Մենք համոզված ենք և դա ապացուցել ենք մեր փորձով։ Հիմա մենք պետք է սկսենք նոր սկզբից, ամեն օր երկրում հեղափոխություն չի լինում։ Ընտրություններին մասնակցող 11 կուսակցությունների մեջ մենք հավակնում ենք լինել այն կուսակցությունը, որը ժողովրդին ներկայացնելու է մրցունակ գաղափարներ ու ծրագրեր», - հայտարարեց Բաղդասարյանը։
Քաղաքական ուժի առաջնորդը նկատեց, որ երկրում օրեցօր վատթարանում է սոցիալ-տնտեսական իրավիճակը և միայն մրցունակ ծրագերրը կարող են օգնել վերացնել խնդիրը։
«Համաձա՞յն եք», - հարցով դիմեց ներկաներին, ինչին ի պատասխան կուսակիցները միաբերան հաստատեցին ու ծափահարեցին։