26/11/2018 15:42
90-ականների ճանաչված երգիչ Վահե Դավթյանն օգնության կարիք ունի. նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել
90-ականների ճանաչված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, որի բուժման համար GoFundMe կայքում, որտեղ տեղ գտած ինֆորմացիայի և հանգանակության շնորհիվ շատ ու շատ կյանքեր են փրկվում, հայտարարություն է տեղադրվել:
Այնտեղ մասնավորապես նշված է, որ ծննդյան 44-րդ տարեդարձը տոնելուց երկու շաբաթ անց երգիչը որովայնի ցավով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվել է չարաբաստիկ հիվանդությունը: Այժմ երգիչը շարունակում է հետազոտվել մի քանի բժիշկների մոտ: Բժիշկների խումբը սպասում է ևս մի քանի թեստերի արդյունքներին, որպեսզի որոշի առավել արդյունավետ բուժման ծրագիրը: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Գերմանիայում:
Բուժման ծրագիրը ներառում է քիմիաթերապիա և վիրաբուժական միջամտության: Բուժման ծախսը գնահատվում է 50 հազար ԱՄՆ դոլար, սակայն, հնարավոր է, գերազանցի այդ թիվը:
«Վահեի ընտանիքը անցնում է ծայրահեղ դժվար ժամանակներ: Սա սարսափելի նորություն էր, որը կտրուկ փոխեց իր կյանքը: Նույնիսկ ամենափոքր ավանդը ընտանիքի համար հսկայական աջակցություն է: Նա երկու երեխաների հայր է. ունի 11 տարեկան որդի և 8 տարեկան դուստր: Վահեն հոգատար որդի է, հրաշալի եղբայր, անհավատալի հայր, սիրող ամուսին, հումորի զարմանահրաշ զգացողություն ունեցող սիրելի ընկեր և մեծ սիրտ ունեցող խոնարհ մարդ, որը միշտ պատրաստ է օգնել ուրիշներին: Նա տաղանդավոր երաժիշտ և բանաստեղծ է», - նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Վահե Դավթյանը hայտնի և սիրված երգիչ էր 90-ական թվականներին: Շատերն են հիշում նրա «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ», «Կապույտ աչքերով իմ բարի դև» երգերը: