26/11/2018 17:31
Ա՛յ, տղերք ջան, դուք ի՞նչ իշխանություն եք եղել, որ ի՞նչ ընդդիմություն լինեք. Քոքոբելյանը՝ ՀՀԿ-ին
«Մենք» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը համաձայն չէ, որ Հանրապետական կուսակցությունը գալիս է ընդդիմություն դառնալու: Քոքոբելյանը պնդում է՝ ՀՀԿ-ն չի եղել իշխանություն, որ հիմա էլ դառնա ընդդիմություն:
«Այսօր մի վիճակում ենք հայտնվել, որ հանրապետականներն ասում են՝ մենք ենք ընդդիմություն, որովհետև մենք եղել ենք իշխանություն: Ա՛յ, տղերք ջան, դուք ի՞նչ իշխանություն եք եղել, որ ի՞նչ ընդդիմություն լինեք: Մի առաքելություն ունի Հանրապետականը՝ իր շարքերից գողացողների գողոնը նախ վերադարձնել ժողովրդին, նոր ժողովրդի հետ խոսել», - նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում հայտարարեց Քոքոբելյանը:
Խոսելով խորհրդարանում իրենց ներկայացվածության մասին՝ Քոքոբելյանը նշեց, որ եթե անգամ իրենք քիչ թվով պատգամավորներ ունենան ԱԺ-ում, ապա միևնույն է, հետևելու են թոշակների և աշխատավարձերի 25 տոկոս բարձրացմանը:
««Մենք» դաշինքը, լինելով ԱԺ-ում նույնսիկ 10 պատգամավորով, ապահովելու է, որ ոչ մի իշխանություն չկարողանա չբարձրանել թոշակը առնվազն 25 տոկոսով: Դա մեր պայմանն է: Մանկավարժների, բժիշկների աշխատավարձը, պաշպանության ոլորտի՝ սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը 25 տոկոսով պետք է բարձրանան: «Որտեղի՞ց». միշտ հարցնում են, բոլորն էլ ուզում են բարձրացնել, բայց բոլորն էլ չեն ուզում գողոնն ու ստվերը վերացնել: Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում բեկում է տեղի ունեցել՝ հանցագործները վերացված են իշխանություններից, բայց նույն Փաշինյանի և իր կառավարության կողմից չի վերացվել ստվերը, մոնոպոլիան», - ասաց Քոքոբելյանը: