26/11/2018 11:29
Ինչքա՞ն եմ մնալու ՀՀ վարչապետ, այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք, որ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը. Նիկոլ Փաշինյան
Թալինում մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ուզում է արձանագրել, թե որն էր հեղափոխության ամենամեծ արդյունքը։
«Ամենամեծ արդյունքն այն է, որ, ըստ էության, մենք Հայաստանից վերացրեցինք հեղափոխություների անհրաժեշտությունը, որովհետև բոլոր այն դեպքերում, երբ դուք որոշեք հեղափոխություն անել, դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել ձեր մեկ քվեաթերթիկի միջոցով։ Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը զրկված էր ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորությունից, որովհետև դուք քվեարկում էիք մեկի օգտին, ընտրվում էր մեկ ուրիշը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ քաղաքացիների ձայնը գողանում էին, ՀՀ քաղաքացիների ձայնը նենգափոխում էին։
«Ինչո՞ւ եմ ես դարձել ՀՀ վարչապետ, որովհետև դուք եք այդպես որոշել, ինչքա՞ն եմ ես մնալու ՀՀ վարչապետ, այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք, որ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը», - ասաց նա։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը շեշտեց՝ որ պահին ժողովուրդը կորոշի, որ ինքը չպետք է լինի վարչապետ, ինքը նույն պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ։
Նիկոլ Փաշինյանն աաց, որ վստահության քվե է ակնկալում ժողովրդից։
«Ինչու եմ ես ակնկալում այդ քվեն ձեզանից, պատկերացնում եք ես հիմա ասեի՝ ես վարչապետի թեկնածու չեմ ու չեմ առաջադրվում ու չեմ լինելու վարչապետ, դա կլիներ փախուստ, դա կլիներ ճանապարհի կեսից դավաճանել ժողովրդին, բայց, ամեն դեպքում, ես վարչապետ չեմ լինի իմ որոշման պարագայում, ես վարչապետ կլինեմ միայն ձեր որոշման պարագայում», - ասաց նա։