26/11/2018 12:22
Երկու տարի հետո նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք. Վարուժան Ավետիսյան (Տեսանյութ)
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավը մեկնարկել է Ազգային ժողովի բակից։
«Հատուկ խորհուրդ կա այս հանգամանքի մեջ։ Վերջապես, մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլելու մեր ժողովրդի կամքը», - հայտարարեց կուսակցության առաջին համար Վարուժան Ավետիսյանը։
Նա նշեց, թե առաջիկա երկու տարին պատկերացնում են որպես անցումային փուլի ժամանակահատված, հետևաբար նաև առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան։
«Մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, և մեր կարծիքով՝ Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը և նորից պետք է արտահերթ ընտրությունների գնանք։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», - նշեց Ավետիսյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը լինելու է ակտիվ, իսկ ովքեր դեռ տատանվում են, կոչ արեց լինել շատ ակտիվ։
Ավետիսյանը նաև կոչ արեց լինել աչալուրջ, չտրվել գայթակղությունների, կեղծիքներ չանել։