26/11/2018 16:18
ՔԺՎԿ նախագահ Լևոն Շիրինյանը հույս ունի, որ ընտրությունները կլինեն արդար
Հույս ունենք ու հավատացած ենք, որ առաջին անգամ Հայաստանում կանցկացվեն արդար ընտրություններ, այսօր մարզային այցելություններից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։
1996 թվականի «զանգվածային զեղծարարությունից» հետո, ըստ Շիրինյանի, Հայաստանի ընտրական համակարգը, պետականությունը բնականոն հուն կմտնեն։
«Քարոզարշավը մեր թիմի պատկերացումներով արդար է լինելու։ Լինելու է նաև արդյունավետ», - հայտարարեց Շիրինյանը։
ՔԺՎԿ նախագահի խոսքով՝ իրենք շտաբ չունեն, դրանց փոխարինել են մեքենաները, և քարոզիչները տեղից տեղ կշարժվեն մեքենաներով։
«Մենք քաղաքագետների խումբ ենք, կկիրառենք նոր տեխնոլոգիաներ։ Մենք նպատակ ենք դրել ընտրարշավը քաղաքականացնել և գաղափարայնացնել։ Հատուկ շեշտադրում ենք անելու ժողովրդի գիտակցության մեջ այն ազնիվ շերտերը բացելու, որ մենք պարտավոր չենք կլաններով քվեարկելու, մենք ամենևին որևէ մեկի ճորտը չենք», - հայտարարեց Շիրինյանը։
Ռեյտինգային ընտրակարգը, ըստ բանախոսի, ճահիճ է, բայց դա չի աշխատելու, որովհետև մարդիկ ունեն բանականություն։
«Եթե գնալու ենք ազգովի նորից ռեյտինգով ձայն ճարելու ճանապարհով, Սերժի ռեժիմը հետ է գալու, միանշանակ իմացեք, ոչինչ չի փոխվելու, որովհետև հենց այստեղ է նախկին ռեժիմի ներկայացուցիչների հույսն ու հավատը։ Կարծում եմ՝ հեղափոխությունը պաշտպանած ուժերն այս հարցում պետք է լինեն շատ կազմակերպված, և այս հարցում կարևոր է նաև լրատվության դերը», - նշեց ՔԺՎԿ նախագահը։