26/11/2018 11:41
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29 հազար դրամից ավելի տուգանք չի լինելու. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում եկել է ժամանակն իրականացնելու տնտեսական հեղափոխություն, Թալինում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը առաջիկա շրջափուլում պետք է մենք բարձրացնենք բոլորովին նոր քաղաքական և տնտեսական մակարդակի վրա», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի ընթացքում կլինի մի քանի փոփոխություն։
«Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից, դա նշանակում է, որ Թալին քաղաքում աշխատող բոլոր այն հիմնարկները, այդ թվում, առևտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 միլիոն դրամը, նրանք ազատվելու են հարկերից», - ասաց Ն. Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար խոսքով՝ սա աշխատանքի խրախուսման իրենց քաղաքականության արդյունքն է։
«Մինչև հիմա ՀՀ-ում տարվել է այն քաղաքականությունը, որ քաղաքացին հնարավորինս խեղճ լինի, որ միշտ վիզը ծռած կանգնած լինի պաշտոնյաների առաջ, մարզպետների առաջ, դեպուտատների առաջ: Մենք ասում են՝ ոչ, մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր քաղաքացիները աշխատեն ու իրենց քրտինքով պահեն իրենց ընտանիքը, ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի», - ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը։
Նա նշեց, թե իրենք անհատ տաքսու վարորդներին ազատելու են բոլոր տեսակի հարկերից։
«Այսօր մարզում ամեն տաքսու վարորդ մի ամիս տաքսի քշելու համար վճարում է ութ հազար դրամ, մենք նրանց այդ ութ հազար դրամից ազատելու ենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց նաև, որ իրենք տուգանքի առավելագույն չափն են փոխելու։
«Մենք առավելագույն չափը սահմանափակելու ենք 29 հազար դրամով, այսինքն՝ մեզ մոտ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29 հազարից ավելի տուգանք չի լինելու», - շեշտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։