26/11/2018 19:23
Ջերմ մթնոլորտ՝ ցուրտ դահլիճում. Հայաստանում մեկնարկեց «Ախթամար» լեգենդի համաշխարհային պրեմիերան` Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մարդաշատ էր, ու թեև ժամը 19:00-ին նախատեսված միջացառումը մեկնարկեց 19:50-ին, այնուամենայնիվ, հանդիսատեսն անվրդով սպասեց սառույցի վրա հյուրընկալվող համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներին:
«Ախթամար» լեգենդի մասին պատմող սառույցի շոու-ներկայացման համաշխարհային պրեմիերայի շրջանակներում հայկական սառույցին հայտնվեցին գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: Շոուի հեդլայներն է Իրինա Սլուցկայան:
Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի:
Կրակի աստվածուհուն մարմնավորում էր Իրինա Սլուցկայան, Արտաշես արքային՝ Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը...
Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը ներկայացվեց մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Կոմպոզիտորն էր Ալեքսեյ Գալինսկին:
Զգեստների նկարիչը Կարինե Դնոյանն էր, ու հետ համատեղ աշխատել էին ավելի քան 10 մասնագետներ: Հագուստներն ստեղծելիս օգտագործվել են նաև ժամանակակից թրենդները:
Շոուի ստեղծմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Ալեքսանդր Տոլստելևը, պարուսույց- բեմադրիչ Նիկիտա Միխայլովը, կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, կրեատիվ պրոդյուսեր և արտադրության գծով տնօրեն Ստանիսլավ Կորչևսկին և այլք:
Միջոցառման երկրորդ հատվածում «Սառույցի արքաներն» էին՝ գլխավորությամբ Եվգենի Պլյուշչենկոյի, ում ներկայացրած ամեն մի համարը ծափահարություններով ու ողջյուններով էր ուղեկցվում:
Տպավորիչ էր հատկապես վերջին հատվածը, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական բազմակի չեմպիոնը շուրջ 10-15 րոպե դուրս չէր գալիս սահադաշտից՝ ներկայացնելով համարներ թե՛ միայնակ, թե՛ խմբի հետ:
Հանդիսատեսի մեծ մասը բաց չթողեց նաև նրա հետ նկարվելու բացառիկ հնարավորությունը: Ու թեև Մարզահամերգային համալիրի հսկա դահլիճում արդեն բավական ցուրտ էր, բայց մթնոլորտը ջերմացնող էր: Գեղասահքի վարպետն էլ նկատեց՝ հայ հանդիսատեսը սիրում է գեղասահք, ու մենք անպայման կրկին կհանդիպենք: