27/11/2018 16:58
Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությանը մասնակցել է նաև Գլխավոր դատախազը
Հայաստանի Վերաքննիչ դատարանում այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դաախազ Արթուր Դավթյանը։
Այդ մասին տեղեկությունը նիստերի դահլիճից դուրս գալուց հետո փոխանցեց դատախազներից մեկը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ բողոքի քննությանը մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Այս պահին հայտարարված է ընդմիջում։
Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց ժամանակ է տրամադրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու դիմում պատրաստելու համար։
Նկատենք, որ աննախադեպ է, երբ կալանքի վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ ներկա է լինում նաև գլխավոր դատախազը։
Նշենք, որ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր Վճռաբեկ բողոք ներկայացրել՝ պնդելով, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելը անթույլատրելի էր։
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության: