27/11/2018 12:20
Օլիգարխիան մասնակցում է ընտրություններին, ԸՕ-ն չի բարեփոխվել. «Ազգային առաջընթացի» թեկնածուն սրբագրում է Փաշինյանի հայտարարությունները
«Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը կին է գլխավորում՝ Լուսինե Հարոյանը։ Նա տուրիզմի ոլորտից է մուտք գործում քաղաքականություն։ Ասում է՝ եղել է գրեթե բոլոր քաղաքացիական պայքարներում, և «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման հիման վրա էլ մի խումբ համակիրներով ստեղծել են «Ազգային առաջընթացը»։
Ապրիլին իշխանափոխությունը, այնուհետև նոր իշխանությունների կողմից Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հայտարարությունները նոր հնարավորությունների հույսեր են տվել նորաստեղծ կուսակցությանը, և նրանք որոշել են փորձել։
«Մինչև հիմա քաղաքական գործընթացներին, ընտրություններին մասնակցելն անիմաստ ենք համարել, այժմ, սակայն, կարծում ենք, որ լիարժեք գործունեության համար բացառիկ հնարավորություններ են ստեղծվել։ Մեր նպատակը միայն մասնակցելը չէ։ Կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը նաև ընտրություններից հետո», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Հարոյանը։
Ընտրական օրենսգիրքը չի բարեփոխվել, ռեյտինգային համակարգը գործում է, ինչը նորաստեղծ կուսակցության համար որոշ անհարմարություններ ստեղծում է։ Այն, որ Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, Հարոյանն այդ հարցում տեսնում է նաև իշխանությունների մեղքի բաժինը։
«Հիշո՞ւմ եք՝ ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին. խորհրդարան բերվեց մի օրինագիծ, որը առաջացրեց Փաշինյանի դժգոհությունը, և նա մի քանի րոպեում կարողացավ իր շուրջը հավաքել մի քանի հազար մարդու։ Փաշինյանի այդ կտրուկ արձագանքը հոկտեմբերի 2-ի օրենքին ու զարմանալի լռությունը Ընտրական օրենսգրքի տապալման ժամանակ, շատ տարօրինակ էր։ Միգուցե հնարավոր էր ինչ-որ քայլերի դիմել, որպեսզի երկրորդ փորձից այդ օրենքն ընդունվեր», - նկատեց կին քաղաքական գործիչը։
Իմ քայլը դաշիքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե ապրիլյան իշխանափոխությունից հետո անխտիր բոլոր խոստումները կատարվել են, Լուսինե Հարոյանը մեղմ ասած անընդունելի է համարում և սրբագրում է՝ օլիգարխիան մասնակցում է ընտրություններին, իսկ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել։
«Փաշինյանը նաև ասում էր, որ օլիգարխները պետք է հեռու մնան քաղաքականությունից, բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ՝ օլիգարխը դարձավ սեփականատեր, ավելին՝ ստորագրվեց հուշագիր: Այնպես, որ մենք գտնում ենք, որ շատ առաջնահերթ հարցեր չեն կատարվել: Մենք կուզեինք, որ տարօրինակ նշանակումներ չլինեն, ինչպես Հունան Պողոսյանի դեպքում եղավ: Հեղափոխության արժեքների ցանկացած խմբագրում մեզ համար ընդունելի չէ», - հավելեց Հարոյանը՝ օլիգարխ ասելով ակնարկելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Դիտարկմանը, թե Ծառուկյանի թիմում պնդում են, որ նա օլիգարխ չէ, Հարոյանը արձագանքեց. «Օլիգարխիան այն համակարգն է, երբ որևէ մեկը իր ֆինանսական հսկայական միջոցները օգտագործում է պետական կառավարման լծակներում տեղ ունենալու համար և պետական կառավարման լծակներն օգտագործում է իր բիզնես շահերին: Կոնկրետ ԲՀԿ-ի 1-ին համարը Գագիկ Ծառուկյանն է։ Նրանք երկրորդ ուժն էին ԱԺ-ում, դա նշանակում է, որ ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս առաջնորդվում են կուսակցական, կլանային շահերով: Սա տիպիկ օլիգարխիա է: Դուք ընտրություններից առաջ բաժանում եք կրթաթոշակ: Սա օլիգարխիկ երևույթ է»: