27/11/2018 13:55
«Ռոսատոմը» Հայաստանին կարող է առաջարկել հեռանկարային և հետաքրքիր մշակումներ. Ռուսաստանի դեսպան
«Ռոսատոմը» Հայաստանին կարող է առաջարկել հեռանկարային և հետաքրքիր մշակումներ, որոնք կարող են համապատասխանել էլեկտրաէներգիայի կարիքների առանձնահատկություններին, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ ատոմային էներգիան Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ռազմավարական ուղղություններից է:
«Մեծամորի ԱԷԿ-ի կյանքը երկարաձգելու նպատակով մինչև 2026 թվականն իրականացվում է ծրագիր: Չեմ բացառում, որ որոշակի փուլում կարող է հարց առաջանալ հետագա երկարաձգման վերաբերյալ: Բայց սա պահանջում է լուրջ, հանգամանալից և մանրամասն վերլուծություն` կայանի անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Ս.Կոպիրկինը:
Նա նաև հայտնել է, որ քննարկվում է Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի ավարտից հետո ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներն ուսումնասիրելու համար հայ-ռուսական աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: