27/11/2018 14:32
Հայաստանն առաջարկում է երկարաձգել ԱԷԿ վերազինման համար տրամադրված $270 մլն ռուսական վարկի մարման ժամկետը
Հայաստանի ֆինանասների նախարարությունը դիմել է ՌԴ ֆիննախին՝ առաջարկելով երկարաձգել ատոմակայանի համար տրամադրված ռուսական վարկի մարումը:
«Ռուսական կողմն էլ ունի այդ տրամադրվածությունը, որ մարումը պետք է հետաձգվի, որ ոչ միայն վարկի մարումը առանց խնդիր անցնենք, այլ նաև որոշակի էֆեկտ ստեղծվի մեր վերջնական սպառողների սակագների վրա», - այսօր լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ ատոմակայանի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար Ռուսաստանը 2014 թ-ին Հայաստանին $270 մլն վարկ և $30 մլն դրամաշնոր էր տրամադրել: Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով:
Գ. Բաղրամյանը նշեց, որ ԱԷԿ-ի վերագործարկումից հետո հնարավորություն կլինի էլեկտրաէներգիայի սակագնի նվազում։
«Եթե սովորաբար կայանը տվել է 2,4 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, վերազինման արդյունքում առնվազն 2,9 մլրդի կհասնենք: Այսինքն՝ մոտ 400 միլիոն կվտ ժամ ավել էլէներգիա կառաքի ատոմակայանը, որր մեծածախ սակագնի վրա ազդելու է: Արդյունքում նաև հնարավորություն է ստեղծվելու վերջնական սպառողի համար սակագնի նվազեցման», - նշեց Գ.Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ ամեն 100 մլն ավելի արտադրանքը մոտ 0,5 դրամ է հաշվարկվում վերջնական սակագնում: