ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի արել:
«Քանի դեռ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, թող վարչապետի մտքով չանցնի խոսի կոռուպցիայի մասին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
ՀՀԿ պատգամավորության թեկնածուն ընդգծեց, թե որևէ իրական քայլ կոռուպցիայի դեմ չի կատարվել:
«Ընդամենը պրոպագանդա է», - ասաց նա:
Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի ստեղծած ու չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018-ին հայտ է ներկայացրել և 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով խնդրին, որ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար 35 հազար դոլար դրամաշնորհ է ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, ասել էր, որ «չնայած ունեմ բացատրություններ, բայց հանձնարարել եմ ուսումնասիրել, ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ»։
Իսկ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը լրագրողներին ասել էր, որ գործընթացը սկսվել էր փետրվարից, երբ Տ.Ավինյանը կառավարության անդամ չէր:
«Գործընթացի փուլերի գերազանցապես բոլոր մասերը գրեթե անցած եղել են նախքան իր փոխվարչապետ նշանակվելը: Եվ զուտ գրանտի տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ», - ասել էր Գ.Գևորգյանը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: