27/11/2018 10:20
Դավիթ Բաբայանը՝ Սասուն Միքայելյանին. Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա Հայոց պետականությունը պարզապես կկործանվեր. «168 ժամ»
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «168 ժամ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը, թե ապրիլյան հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, մեկնաբանել է. «Արցախյան պատերազմը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակներից մեկն է։ Այդ հաղթանակը թերագնահատել և համեմատել որևէ այլ խնդրի հետ, ճիշտ չէ։ Ամեն հաղթանակ իր տեղն ունի, այս հաղթանակի համար հազարավոր հայորդիներ, մեր ազգի սերուցքը, լավագույն տղերքն են արյուն թափել։ Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա հայոց պետականությունը պարզապես կկործանվեր։
Սա ոչ թե սովորական հաղթանակ էր, այլ դրանով հայ ժողովրդի ճակատագիրն էր որոշվում, սա պարզապես պատերազմ չէր, այն մարտահրավեր էր հայոց պետականությանը։ Սա եղել է նոր Ցեղասպանության իրականացման փորձ, որը լիակատար ձախողվեց»:
Նրա խոսքով՝ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ ժողովրդի կյանքում գուցե մեծ իրադարձություն էր, սակայն ամեն ինչ ժամանակը ցույց կտա, ուստի հեղափոխության հաղթանակը համեմատել Արցախյան հաղթանակի հետ՝ ճիշտ չէ։