27/11/2018 12:30
Ադրբեջանում պահվող հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական կողմի, նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված հայ գերի Արսեն Բաղդասարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Ադրբեջանական լրատվամիջոցները նամակը մեկնաբանում են երկու կողմերի գերիներին «բոլորին բոլորի» հետ փոխանակելու սկզբունքի կոնտեքստում։
Ըստ տարածված նամակի, որն իբրև թե Արսեն Բաղդասարյանը փոխանցել է Ադրբեջանի ռազմագերիների ու պատանդների հարցերով պետական հանձանժողովին, հայ գերին խնդրում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին հարցը լուծել մարդասիրության շրջանակներում.
«Հարգելի պարոն վարչապետ, ես Արսեն Էդուարդի Բաղդասարյանն եմ, ծնվել եմ 1994թ. ապրիլի 23-ին։ Հնարավոր է, իմ այս դիմումը ոչ այնքան ստանդարտ թվա ձեզ, բայց, մարդուն, ով անելանելի իրավիճակում է, սեփական փրկության համար բռնվում է յուրաքանչյուր հնարավորությունից։
Ես ակնկալում եմ մարդասիրություն ինչպես Ձեր, այնպես էլ այն մարդկանց կողմից, ում խնդրելու եմ թղթի վրա արտահայատած իմ հոգու այս ճիչը հասանելի դարձնել։
Երկու երկրների մտավորականություն, համարձակվում եմ ձեզ դիմել՝ մատնանշելով այն փաստը, որ ուղղիչ հիմնարկներում մարդիկ են, ովքեր տառապում են հարազատներից ու բերակամներից բաժանված լինելու պատճառով։
Ցանկանում էի խնդրել Ձեզ՝ անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից, կարճ ժամանակում ձեռնարկել լուրջ քայլեր սեփական ժողովրդի ազատության ու փրկության համար», - ըստ հրապարակված նամակի, գրել է Արսեն Բաղդասարյանը։
Ադրբեջանական կողմի տարածված նամակում հայ գերին, իբրև թե, նշել է, որ լինելով համանման իրավիճակում հասկանում է, թե ինչ են ապրում ադրբեջանցիները Հայաստանում։
Նամակը ստորագրված է ու մակագրված նոյեմբերի 6, 2018թ. ամսաթվով։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանն Ադրբեջանում է հայտնվել 2014թ. դեկտեմբերին։ Նա Լեռնային Ղարաբաղի բնակիչ է։ Ադրբեջանում ներկայացվել է որպես դիվերսանտ ու դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Հայ ու ադրբեջանցի գերիներին «բոլորին բոլորի» հետ սկզբունքով փոխանակելու առաջարկը սկսեց շրջանառվել 2018թ. նոյեմբերին։
«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին իր աղբյուրը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։
«Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշել էր, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
«Ինտերֆաքս-Ադրբեջանը» նշում է, որ հայկական կողմում է ևս մեկ Ադրբեջանի քաղաքացի՝ Էլնուր Հուսեյնզադեն։
Նշենք, որ հրապարակումից հետո Ստեփանակերտը «շանտաժ» էր որակել այս առաջարկը, քանի որ «հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ»։
«Ինչպե՞ս կարելի է ահաբեկչին, մարդասպանին փոխանակել անմեղ մարդու հետ։ Սա բարոյական կողմն է, իսկ իրավական տեսանկյունից այդ մարդիկ մարդասպաններ են, որոնք դատապարտվել են հանցանք կատարելու համար և փոխանակե՞լ անմեղ մարդկանց հետ, ում Ադրբեջանը պարտավոր է բաց թողնել...Սա ոչ թե առաջարկություն է, այլ՝ պարզապես շանտաժ»,- Aysor.am-ին ասել էր ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։