27/11/2018 12:53
Մենք ձեր պահեստների տեղը գիտենք, լուսանկարներն էլ ունենք. Փաշինյանը՝ արցախցի գործիչներին (Տեսանյութ)
Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ անդրադարձել է նույն դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանին ուղղված քննադատություններին, մասնավորապես, այն քննադատություններին, որոնք հնչեցրել էին Հանրապետական կուսակցության թեկնածուներ Արմեն Աշոտյանն ու Շուշան Պետրոսյանը։
«Սասուն Միքայելյանի մարմնում, տո, ձեր քաշի չափ «ասկոլկա» կա։ Ձեր քաշի չափ։ Դուք էդ ումի՞ց եք պաշտպանում արցախյան ազատամարտը։ Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած, հետևել ու ղեկավարել եք բանակի թալանին և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը։ Ես թույլ չեմ տալու ձեզ», - հայտարարեց Փաշինյանը։
Այնուհետև շարունակեց խոսքն՝ ուղղելով նաև արցախցի գործիչներին. «Ես ինչ-որ չեմ հիշում, որ այդ մարդիկ, որոշ մարդիկ, նաև՝ Ղարաբաղում, ինչ-որ հայտարարություն անեին, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացն է գողացել ու տարել իր շներին ու արջերին է կերակրել։ Բա ո՞ւր էիք, այ ազատամարտի պաշտպաններ, գիտեմ՝ ուր էիք, որովհետև ձեզնից ոմանք նույնպիսի պահեստներ ունի նաև որոշ տեղերում։ Մենք էդ պահեստների տեղը գիտենք, մենք էդ պահեստների լուսանկարներն ունենք։ Մենք այդ պահեստները բացահայտել ենք և շատ բան, որ չենք ասում, որովհետև էդտեղ ազգային անվտանգության խնդիր կա և պետական գաղտնիքի հարց կա»։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստան համահայկական հիմնադրամին հատկացված միջոցներից «ոմանք իրենց վետերոկներն են ֆինասնավորել»։
«Ես ինչ-որ չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն էն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի ախպոր բանկային հաշվում միայն մի բանկում 30 մլն դոլար ըլնի։ Ոչ մեկ չի հարցնում՝ էդ որտեղի՞ց ձեզ 30 մլն դոլար, եթե մեր զինվորը տռուսիկ, մայկա չունի։ Այ, թալանչի ստահակներ։ Ես ասում եմ՝ էդ բոլոր 30 մլն-ի, 20 մլն-ի հետևից գնալու ենք, ձեռներիցդ առնելու ենք, հատ-հատ պատրաստվեք։ Ձեռներիցդ առնելու ենք թալանած վերջին կոպեկը։ Չեմ բացառում, որ ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ դառնան, որովհետև բոմժ են եղել, թող վերադառնան իրանց նախնական կարգավիճակին։ Ելույթ են ունենում։ Հանրապետականներ։ Ձեր ելույթներին հատ-հատ անդրադառնալու եմ», - հայտարարեց Փաշինյանը։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը հավաքված ժողովրդին ընթերցեց Սիլվա Կապուտիկյանի՝ 2004-ին գրված «Ապստամբություն» բանաստեղծությունը, որը, նրա խոսքով, ուղղված է եղել «հանրապետաքոչարյանական ռեժիմի դեմ»։