27/11/2018 11:14
Որևէ լավ բան ընտրություններով չի լինելու. Դավիթ Շահնազարյան
Որևէ լավ բան ընտրություններով չի լինելու, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը:
«Այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Ընտրությունների արդյունքները, ինչը կարձանագրվի, դրանք լավագույն դեպքում, ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարը այդ պահին, իսկ մեկ ամիս, երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ», - ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության:
«Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբը անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը», - ասաց Դ. Շահնազարյանը:
Նա շեշտեց՝ առնվազն հարգանքի է արժանի ՀՀԿ-ի այս քայլը:
«Եթե կարծում էին, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում էին: Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել», - ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մինչ ընտրությունները ինքը հանդիպել է ՀՀԿ ղեկավարներից մեկի հետ, որի անունը չի ուզում հայտարարել:
«Ասացի՝ մասնակցելու եք ընտրություններին, ասաց՝ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի: Ու շատ վտանգավոր է այսօր ՀՀ-ում ունենալ կասկածելի ընտրություններ, չգնահատել նման փաստարկն ուղղակի չի կարելի», - ասաց Դավիթ Շահնազարյանը: