27/11/2018 09:25
Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը քննադատել է Սասուն Միքայելյանին քննադատողներին
Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության է ենթարկել Սասուն Միքայելյանին քննադատողներին՝ հորդորելով չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել «քիթները խոթել քաղաքականության մեջ»:
«Չեմ հասկանում ոմանց ոգևորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Իհարկե, Սասուն Միքայելյանն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ ու ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, և ինքն էլ ուղղեց իր ձևակերպումն, ասելով, որ ի նկատի ուներ, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքները արձանագրելու առումով և ոչ թե հակառակը: Չեմ հասկանում՝ այս ճշգրտումներից հետո ինչու՞ են ոմանք առանձնապես ոգևորվել: Հիշեցի մեկ-երկու խորհրդակցություն, երբ հայտարարել էի, որ ոմանց այլևս թույլ չեմ տալու, որ զինվորի սապոգների, հագուստի, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն ու անձնական հարստությունն ու բարեկեցությունը դասավորեն», - Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց Ն.Փաշինյանը:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդդ, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։
Դրանից հետո այդ հայտարարությանն էր անդրադարձել Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Բացի այդ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ «արդեն նախկին ազատամարտիկ Սասուն Միքայելյանը իր պատկերացմամբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել, արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին, ասել է թէ հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել: Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներն՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին»:
Միքայելյանի հայտարարությանն է անդրադարձել նաև Արցախի ԱԱԽ քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: «Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ:
Սթափվե′ք, տղանե′ր», - մասնավորապես, նշել է Վ.Բալասանյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զարմանում է ոմանց հայտարարությունների վրա, որոնք տարիներով բերանները ջուր առած հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին:
«Զինվորի բաժինը գողցողների հետ ընկերակից են եղել և մասնակից: Հիմա որոշել են մի վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական աչոկներ հավաքեն: Թույլ չեմ տալու: Զինվորի հացը գողացածները դատվելու են հերթով: ...Չոգևորվեք ոչ մեկդ, նստեք հանգիստ տեղներդ և սպասեք, որ էն, ինչ որ մենք անում ենք, իրականություն դառնա և չստիպեք մեզ, որպեսզի մենք էդ թեմաներով ավելի բաց խոսենք: Չմտածեք հանկարծ, որ մի նախադասության վրա կարող եք աչոկներ հավաքել: ...Ձեզ հերթով անդրադառնալու ենք, այ սերմացու գողացող մկներ: Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկեն:
Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք հանկարծ քիթներդ խոթել քաղաքականության մեջ», - հայտարարեց Ն.Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Ս.Միքայելյանի սխալ ձևակերպած նախադասության համար ներողություն կխնդրի հազար անգամ, բայց թույլ չի տա դրա վրա որևէ մեկը միավորներ հավաքի:
«Հույս ունեմ՝ իմ այս ուղերձը հասկանալի է, որպես պատերազմական իրավիճակում Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար», - ասաց Ն.Փաշինյանը: