28/11/2018 16:36
Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե. Նիկոլ Փաշինյան
Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե։
«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլար հաշվի վրա դրված կալանքի մասին բազմիցս է խոսվել», - Իջևանում այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Իմ նախորդ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, թե ինքը պատրաստ է այդ գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել։ Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձել պետական բյուջե», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը «քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները»: