28/11/2018 14:39
Ապրես, որ հեղափոխություն արեցիր, բայց ահռելի աշխատանք կա անելու. Արամ Սարգսյան
Փաշինյանն իմ ընկերն է, ես ուզում եմ օգնել Նիկոլ Փաշինյանին, Արթիկում «Մենք» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող, «Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
« «Մենք»դաշինքն է ուզում դա անել: Դրանով օգնում ենք ոչ թե անհատին, այլ՝ երկրին», - ասաց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն է արել ու դա գովելի է, բայց ամենևին էլ չի նշանակում, որ մարդուն պետք է անընդհատ գովել հեղափոխություն անելու համար:
«Իհարկե, ապրես, որ արեցիր, բայց հեղափոխությունից հետո ահռելի աշխատանք կա անելու, բազմաթիվ բացթողումներ ու թերություներ կան, որոնք պետք է ասել, բարձրաձայնել, քննադատել, որպեսզի կարողանանք շտկել: Եթե ուզում ենք մեր երկիրը երկիր դառնա, լավին լավը պիտի ասենք, վատին՝ վատը», - ասաց Սարգսյանը:
Վերջինս նկատեց, որ «Մենքը» պատրաստ է ճանապարհներ ցույց տալ իշխանությանն առ այն, թե ինչ քայլեր են անհրաժեշտ սխալները շտկելու համար: