28/11/2018 16:50
Արմեն Ավետիսյանը հայտնել է, որ Ծաղկաձորի իր «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը, այս մասին այսօր Իջևանում նախընտրական հանրահավաքին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Իր հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ «ի՞նչ է արել Արմեն Ավետիսյանն, օրինակ». խոսքը մաքսային կոմիտեի նախկին նախագահի մասին է։ Որից հետո ԱԱԾ-ն հրապարակեց մի տեսանյութ, որում Երևանի «Golden Palace» հյուրանոցի բացման արարողությունն էր, որը եղել էր երևի 2004 կամ 2006թ.-ին։ Այն ներկայացվում էր իբրև արտասահմանյան ներդրում, իբր թե Կիպրոսից են եկել այստեղ ներդրում արել։ Իրականում՝ Հայաստանում աշխատած կոռուպցիոն փողերը տարել էին Կիպրոսում պտտել էին, բերել էին, այստեղ հյուրանոց էին կառուցել։ Ռոբերտ Քոչարյանն այդ տեսանյութում ինքն էլ է ասում, թե Հայաստանն այնքան է զարգացել, որ Կիպրոսից ներդրողներ են գալիս», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանն ու ասել, որ ինքը Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով, կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»։
Արդյուքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, հյուրանոցը պետք է հանվի հրապարակային աճուրդի.
«Գնահատում են, որ այն կարող է 10-15, նույնիսկ 20 մլն դոլար արժենալ և այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե», - ամփոփեց վարչապետի պաշտոնակատարը։