28/11/2018 10:03
Վեր են հանվել ազատությունից զրկված վայրերում առկա մի շարք համակարգային և կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ. ՀՀ գլխավոր դատախազ
Երևանում մեկնարկել է Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված համաժողով։
«Անցած տասնամյակի ընթացքում ՄԻՊ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետևողականության և նախաձեռնողականության արդյունքում վեր են հանվել ազատությունից զրկված վայրերում առկա մի շարք համակարգային և կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ», - միջոցառման մեկնարկն հայտարարեց ՀՀ գլխավոր դատախզ Արթուր Դավթյանը։
Նա նշեց, որ վեր հանված խնդիրներն իրենց արտացոլումն են գտել ինչպես տարեկան և հատուկ զեկույցներում, այնպես էլ պետական մարմիններին ուղղված նամակներում։
«Խոշտանգումների և դաժան, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման լավագույն առհավատչյան են վերջին տարիներին իրականացված նաև օրենսդրական բարեփոխումները», - հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։
Համաժողովին ներկա են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ։