28/11/2018 12:36
Իրենք շատ լավ են պատրաստված եղել, ցավոք, հետքեր չեն թողել. Վանեցյանն՝ իրեն և ՀՔԾ պետին գաղտնալսելու մասին
Մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալելու դեպքին։
«Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց», -ասաց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը և ժամանակը ցույց կտա՝ կգտնե՞ն այդ մարդկանց պատժելու համար։
«Այս պահին չգիտեմ, հնարավոր կլինի փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Ուղղակի մի բան ասեմ, անկեղծ, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են դիմել նման քայլի և գաղտնալսել երկրի անվտանգության ծառայության պետին ու ՀՔԾ պետին», - ասաց Վանեցյանը։