28/11/2018 16:21
Տենց հարցեր ինձ մի տվեք, դրանք կօգտագործվեն իմ դեմ. նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, որը պաշտոնավարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիներին, հրաժարվում է պատասխանել մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի զարգացումներին։
Արմեն Հարությունյանն այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանը ներկայացնող դատավորն է և Քոչարյանի ժամանակներին վերաբերող գործերի քննություններին չի մասնակցում։ Այդ ժամանակներին վերաբերող հարցերին ի պատասխան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց. «Տենց հարցեր ինձ մի տվեք, դրանք կարող են օգտագործվել իմ դեմ»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակներին առնչվող հայցերով ՄԻԵԴ դիմել էին Բուզանդի փողոցի տուժած բնակիչները, ովքեր հանրային գերակա շահի անվան տակ վտարվել էին իրենց տներից, ինչպես նաև 2008-ի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անցած անձինք, այդ թվում՝ 9 զոհերի իրավահաջորդներն ու քաղաքական գործիչներ։