28/11/2018 11:59
Անհրաժեշտություն կա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ. ՀՀ գլխավոր դատախազ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով բեկանվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան նոր քննության՝ Արթուր Դավթյանը մանրամասնեց, թե այդ որոշմամբ Վճռաբեկ դատարանը ինչ հարցի պատասխան է տվել:
«Հիշում ե՞ք ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն է, թե ի վերջո նախագահը անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող: Եվ ամենակարևորը՝ արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը փաստորեն օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել: Այսինքն, օրինակ` համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք նախագահն ունի՞, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,- ասաց Արթուր Դավթյանը:
Նա ավելացրեց, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է ինչում որ այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, դրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետև մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները իրենց առանձին մասերով վերցրած և՛ ձևի առումով, և՛ բովանդակության առումով համահունչ չեն Սահմանադրությանն ու օրենքներին:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ Մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ. քննության փաստակազմից: Այսինքն, ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում:
«Փաստակազմի էական տարբերության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չի մտնում 2008թ. քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացրած դատական ակտերի հետ: Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացրած որոշակի դատական ակտերի վերանայման առերևույթ հիմքերի մասին: Տեղյակ եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին գործերով արդեն վճիռներ է հրապարակել, և մենք այս լույսի ներքո կունենանք նաև նախկինում կայացված առանձի դատական ակտերի վերանայման գործընթացներ, և, ինչպես արդեն նշեցի, փաստակազմի էական տարբերությունը հակադրության մեջ չի դնում այսօրվա մեղադրանքի և նախկինում կայացրած դատական ակտերի միջև»,- ընդգծեց Դավթյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու հնարավորությանը՝ Արթուր Դավթյանն ասաց, որ այդ հարցով ՍԴ դիմելու իրավական ոչ մի ուղղություն չկա, քանի որ Վճռաբեկ դատարանը հարցի պատասխանը հստակ տվել է.
«Վճռաբեկ դատարանը ոչ թե դիտարկել է, որ այս հարցը պետք է գնահատվի Սահմանադրական դատարանի կողմից, այլ հստակ ասել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է վերլուծի հիմնավոր կասկածը, գնահատի՝ արդյոք դրանք կարգավիճակից բխո՞ղ են, թե՞ բխող չեն: Եթե բխող չեն, ակնհայտորեն անձեռնմխելիության խնդիր չկա, այսինքն` Սահմանադրական դատարանի ասելիքի կարիքը բացարձակ չկա»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։