29/11/2018 08:44
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է 30 մլն դոլարը պետությանը նվիրաբերելու տեղեկությունը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է պետությանը 30 մլն դոլար նվիրաբերելու մասին տեղեկությունը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է նման տեղեկություն լինի, բայց ինքը չտիրապետի դրան, Պողոսյանը պատասխանեց. «էս կյանքում ոչինչ բացառել հնարավոր չի, ամեն դեպքում, կարող եմ ասել, որ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»։
Նկատենք, որ երեկ Տավուշի մարզում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրեն փոխանցել են, որ Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել բանկերից մեկում պահվող 30 մլն դոլարը նվիրաբերել պետությանը։
Ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը «քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները»: