29/11/2018 11:27
Հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները կբարձրանան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը ներկայացրեց կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:
Նա նշեց, որ ներկայացվող նախագծի նպատակը թոշակառուների, ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:
«Ծերության նպաստի չափը կազմում է16 հազար դրամ, հաշմանդամության նպաստի չափերը՝ առաջին խմբինը՝ 21 հազար 500 դրամ, 2-րդ խմբի համար՝ 19 հազար դրամ, 3-րդ խմբի համար՝ 16 հազար դրամ», - ասաց նա:
Արսեն Մանուկյանն ասաց, որ կերակրողին կորցնելու դեպքում թոշակի չափը սահմանված է 16 հազար դրամ :
«ՀՀ-ում պարենային ծայրահեղ աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ, հաշվի առնելով ծայրահեղ աղքատությունը բացառելու նպատակը՝ որոշվել է համապատասխան փոփոխություններ կատարել որոշման մեջ», - ասաց փոխնախարարի պաշտոնակատըարը:
Նա ասաց, թե առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ 3-րդ խմբի հաշմանդամի համար 18 հազար դրամ, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակըի չափը՝ 24 հազար դրամ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25 հազար 500 դրամ:
Արսեն Մանուկյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի մեկից:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց, թե սա շատ կարևոր նախաձեռնություն է:
«Փաստորեն, հունվարի մեկից սոցիալական առումով խոցելի խմբերը, որոնք մինչև այժմ ստանում են 16 հազար դրամ, 19 հազար դրամ, հունվարի մեկից կստանան 25 հազար 500 դրամ: Սա այն նվազագյուն գումարն է, որ անհրաժեշտ է մարդուն չսովելու համար», - ասաց Արարատ Միրզոյանը: