29/11/2018 17:24
Ամուլսարի հանքի փորձաքննություն անցկացնելու համար Հայաստանը փող չի խնայելու պետական բյուջեից. Փաշինյան
Շատ հստակ ասել ենք՝ Ամուլսարի շահագործումը մեզ համար ընդունելի կլինի այն ժամանակ, երբ կլինեն հստակ մասնագիտական երաշխիքներ, որ հանքի շահագործումը Սևանա լճին վնաս չի հասցնում, այսօր Գավառում նախընտրական հանրահավաքին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Հիմա այդ կապակցությամբ հարուցված է քրեական գործ, որպես փորձագետ միջազգային հեղինակավոր կազմակերպություն կներգրավվի։ Փորձաքննությունը կարվի մասնագիտական ամենաբարձր մակարդակով, Հայաստանը փող չի խնայելու պետական բյուջեից, որպեսզի այդ փորձաքննությունը կատարվի, և երբ մենք կհամոզվենք, որ Ամուլսարը սպառնալիք չի կրում իր մեջ Սևանա լճի ու Ջերմուկի ջրային ավազանի համար, այդ հանքի շահագործումը մեզ համար ընդունելի կլինի», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով.
«Մենք չենք կարող փակ աչքերով ուղղակի գնալ այդ նախագծի իրականացմանը, քանի դեռ չենք համոզվել, որ դա Հայաստանին ստրատեգիական վնասներ չի հասցնելու»։