29/11/2018 16:11
Դատավորն անպատասխան է թողել դեկտեմբերի 1-ին Քոչարյանին կալանավորելու մասին լուրերի վերաբերյալ փաստաբանի հայտարարությունը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեկտեմբերի 1-ին կալանավորելու մասին մամուլում այսօր տեղ գտած տեղեկությունը Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը բարձրաձայնել է Վերաքննիչ դատարանի նիստում։
«Ես էլ այսօր բացեցի մամուլը, կարդացի տեղեկությունը և քանի որ դատավորին հարցեր ուղղելու իրավունք չունեի, դատարանում հանդես եկա այդ մասին հայտարարությամբ։ Հայտարարության վերջում ասացի, որ շատ կուզեի, որպեսզի դատավորը վերջում մեկնաբանություն անի իմ հայտարարության վերաբերյալ։ Բայց նա ոչինչ չասաց։ Ես նաև վկայակոչեցի, որ առայժմ երկու անգամ է նման հայտարարություն եղել, որոնք երկուսն էլ հաստատվել են», - նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց Ալումյանը։
Նա նկատեց, որ վերջերս դատարանների վրա ճնշումներն ակնհայտ են ու չի կարելի մարդկանց մոտ թշնամանք առաջացնել դատավորների նկատմամբ։ Որպես ճնշում` փաստաբանը վկայակոչեց վարչապետի հրապարակային հայտարարությունները։
«Ճնշումները միայն էնպես չի, որ Բաղրամյան 26-ից զանգահարեն, առաջ, այո, կար նման բան, ես դրանց շատ կոպիտ գնահատականներ եմ տվել։ Բայց հիմիկվա ճնշումները աննախադեպ են», - հայտարարեց Ալումյանը։