29/11/2018 20:00
Դատարանի վրա ճնշում է եղել. Քոչարյանի փաստաբանները նոր երևան եկած հանգամանքների հիման վրա նոր բողոք են ներկայացրել
Վերաքննիչ դատարանում այսօր ամբողջ օրվա ընթացքում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը: Բայց այդքանով հանդերձ այսօր քննությունը չավարտվեց և կշարունակվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին:
Փաստաբաններից Հայկ Ալումյանը ընթացքում, ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ դատական նիստում դատավորը սահմանել է հարցերի քննության հերթականությունը և որոշվել է սկզբում լսել փաստաբանների բողոքը, այնուհետև՝ միջնորդությունները, քանի որ փաստաբաններն ասել էին, թե մի քաի միջնորդություն ունեն: Դրանից մեկը, մասնավորապես, Վերաքննիչ դատարանում վարույթը կարճելը և 2008-ի Քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականության վիճարկման պահանջով Սահմանադրական դատարան դիմելն էր:
Փաստաբանն այսօր հստակեցրեց, որ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, երբ բեկանվեց նախորդ որոշումը, հիմա նորից Վերաքննիչ դատարանում փաստաբանների նախկին երկու բոոքները նոր քննություն են անցնում: Քոչարյանի կալանքի օրինականությունը կասկածի տակ դնող երկու բողոք ներկայացրել են պաշտպաններից երեք և ևս մեկը ներկայացրել էր Հայկ Ալումյանը: Այսօր դատարանը հասցրել է քննել միայն երկուսը, Ալումյանը չի հասցրել մինչև աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել իր բողոքը:
«Որպեսզի դատարանն իրավունք ունենար պարոն Քոչարյանին կալանավորել, նախ պետք է ապացուցված համարեր, որ պարոն Քոչարյանը այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիությունից: Երկրորդը՝ եթե կապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր դրանից հետո պետք է քննարկեր՝ արդյոք առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը կատարել է այն ամենը, ինչ իրեն մեղսագրվում է: Եթե այդ հիմնավոր կասկածը չկա, ոչինչ չի քննարկվում այլևս, ու նա պետք է բաց թողնվի: Եվ եթե միայն հիմնավոր կասկածն է առկա, ապա դա դեռ բավարար չէ, դրանից հետո պետք է քննարկվի, թե արդյոք եթե պարոն Քոչարյանը մնա ազատության մեջ, քննության ընթացքում հնարավո՞ր է թաքնվի քննությունից կամ խոչընդոտի քննությանը: Այս ամեն ինչի առաջին ատյանի դատարանը ոչինչ հաշվի չի առել: Եվ երբ մենք բոլորս լսեցինք ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցը մեզ բոլորիս համար պարզ է, թե դրա տակ ինչ է թաքնված», - մանրամասնեց փաստաբան Ալումյանը:
Փաստաբանը մի ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ այս գործով քննիչը «ապօրինի ապացույց» է ներկայացրել՝ նկատի ունենալով Պաշտպանության նախկին նախարարի 0038 հրամանը: «Այդ հրամանի տեքստը, իր որոշ առանձնահատկություններից ելնելով, ապօրինի ապացույց է», - ասաց փաստաբանը՝ չցանկանալով մանրամասնել:
Այս ամենից զատ, Ալումյանը տեղեկացրեց, որ ներկայացրել է մեկ այլ բողոք նոր երևան եկած հանգամանքներով ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: «Այն բանից հետո, երբ մենք սկզբնական բողոքները ներկայացրեցինք և վերաքննիչում գործը քննվեց, հետո պարզվեց, որ առաջին ատյանի դատարանը իր որոշումը կայացրած է եղել որոշակի ճնշումների ազդեցության տակ», - ասաց Ալումյանը՝ նկատի ունենալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեղախոսային, գաղտնալսված զրույցը:
Փաստաբանի պնդմամբ, Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացված է եղել, որպեսզի ստիպեն անձանց ցուցմունք տալ: «Նոր երևան եկած հանգամանքներով վերաքննիչ բողոքը ներկայացրել ենք, բայց չգիտենք, այս նիստերում կքննարկվի՞ թե ավելի ուշ», -ասաց Ալումյանը:
Այսօրվա նիստին ևս մասնակցել է դատախազական 6 հոգանոց կազմը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ: Ալումյանի փոխանցմամբ, նրանք առայժմ ոչինչ չեն խոսել, ուղղակի «ուշադիր լսել» են պաշտպանական կողմին:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, փաստաբանն ասաց, որ իրենց պաշտպանյալը ունի ասելիք և հավանաբար քննության ավարտին կհայտնի իր դիրքորոշումը: