29/11/2018 09:50
«Հրապարակ». Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը «հետաքրքիր» անակնկալ է խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։
«Կիսատ գործեր կան», - ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը։ Կոստանյանը պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, քննություն հանձնի, որպեսզի, եթե իշխանություններն իրեն «քցեն», գոնե չկորցնի ԵՄ դատախազությունում աշխատելու շանսը, որը նախատեսված է մեկնարկել 2020-ին։
Կոստանյանը կվերադառնա Հայաստան դեկտեմբերի վերջերին, երբ ընտրություններն ավարտված կլինեն, ու կսկսվի պաշտոնները բաժանելու ժամանակը։
Ի դեպ, նեղ շրջանակներում արդեն իսկ հատ-հատ նշում են, թե որն էր Կոստանյանի «աքիլեսյան գարշապարը»․ մի քանի կոռուպցիոն փաստ ունի իշխանությունը նրա դեմ, որոնք անգամ փաստաթղթային հիմնավորում ունեն։ Խոսքը «գույք, փող-քրգործը կարճելու դիմաց» բանաձևի մասին է, որը փակվել է ճամբարափոխության արդյունքում»: