29/11/2018 13:55
Արցախի ղեկավարները և զինվորականները հակադարձել են կոնկրետ երևույթին, պետք չէր դրան կոշտ արձագանքել. Վիգեն Հակոբյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ճամբարակում քարոզարշավի ժամանակ Արցախի իշխանություններին կոչ արեց չխառնվել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին՝ նշելով, թե ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։
«Սա բավական տհաճ հետևանք կարող է ունենալ, եթե խորանա և վերածվի համակարգային հակադրության, որովհետև կան որոշակի փոխհամաձայնություններ՝ քաղաքական գործընթացներին չխառնվելու», - լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե փոխադարձ մեղադրանքներն ի՞նչ հետևանք կարող են ունենալ։
Հիշեցնենք, որ հանրահավաքի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Փաշինյանն ասել էր նաև, թե նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել:
Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն, արձագանքելով այս հայտարարությանն, ասել էր, որ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ևս ծառայել է, ծառայել են նաև Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները։
Վիգեն Հակոբյանը, այդուամենայնիվ, չի կարծում, թե Արցախի ղեկավարությունը կամ զինվորականները կոշտ էին հակադարձել։
«Իրենք հակադարձեցին կոնկրետ երևույթին», - ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ չպետք է Հայաստանից այդպիսի կոշտ արձագանք լիներ, այն դեպքում, երբ Արցախում բավական ցավագին են ընդունում, երբ հարցը վերաբերում է իրենց երեխաների ծառայությանը։