29/11/2018 12:31
Ընտրարշավի երկրորդ մասում կարող ենք ավելի կոշտ դեպքերի ականատես լինել. Քաղտեխնոլոգ
Քարոզարշավում շատ մեծ տեղ է տրվում ցանցային տեխնոլոգիաներին, քաղաքական ուժերի գերակշռող մասը ցանցերում աշխատում է ինչպես սպիտակ PR-ի, այնպես էլ սև PR-ի դաշտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, ապա ընտրարշավի երկրորդ մասում կարող ենք ավելի կոշտ դեպքերի ականատես լինել», -ասաց Վիգեն Հակոբյանը։
Քարոզարշավի առաջին չորս օրվա ընթացքում, ըստ քաղտեխնոլոգի, թե իշխանությունը, թե ընդդիմությունը նույն մարտավարությունն են ընտրել. մեկը մյուսին թիրախավորելով՝ փորձում են միավորներ շահել և պահել էյֆորիայի որոշակի մակարդակը։
Ընտրական արշավն էլ, Հակոբյանի խոսքով, հիմնականում սև ու սպիտակ բևեռների շուրջ է։
«Մնացած ուժերն էլ այս ընդհանուր ֆոնի վրա փորձում են այս կամ այն կերպով դիրքավորվել, որպեսզի գտնեն իրենց ընտրողին։ Իրենց խնդիրը բավական բարդ է, որովհետև պետք է փորձեն դիրքավորվել այլ գունային գամմաներում», - նշեց բանախոսը։
Նա ասաց նաև, թե դեռ վաղ է խոսել նոր քաղաքական տեխնոլոգիաների մասին.
«Ավելի ճիշտ, ոչ թե վաղ է, ընդհանրապես այլ բան դեռևս չի արվել»: