30/11/2018 19:16
Համազգային թատրոնի դերասանները չեն պատրաստվում աշխատել ո՛չ Վիգեն Չալդրանյանի, ո՛չ էլ Սուրեն Շահվերդյանի հետ. պատճառներն՝ ըստ Նարինե Գրիգորյանի
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել: Ավելի ճիշտ, թատրոնի դերասանական կազմի հիմնական մասն է հրաժարվել բեմ դուրս գալ: Համազգայինի արտիստներն ուզում են պահպանել Սոս Սարգսյանի ստեղծած թատրոնի դեմքը, ինչն, ըստ իրենց, Վիգեն Չալդրանյանին չի հաջողվում:
Դերասաններն իրենց թեկնածուն ունեն. գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան, երկուսն էլ նույն թատրոնի առաջատար արտիստներ են: Սակայն Վիգեն Չալդրանյանի անակնկալն առավել ուշագրավ էր, հրաժարական ներկայացնելով՝ արդեն նախկին գեղարվեստական ղեկավարը երեկ այդ պաշտոնին նշանակեց ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին, ով էլ հայտարարեց, որ թատրոնում աշխատել ցանկացող դերասանները շատ են, ու եթե խնդիրը չլուծվի, հայտարարություն կտա և նոր թիմ կհավաքի:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն ընդգծեց՝ գործադուլն ուժի մեջ է, ու դեռ ավելի ակտիվ զարգացումներ են սպասվում: Հատկապես, որ դերասաններին զայրացրել է նաև նորանշանակ գեղարվեստական ղեկավարի, մեղմ ասած, աննրբանկատ հայտարարությունը:
«Ցավոք, գնալով ավելի ու ավելի տգեղ, ճղճիմ քայլեր է անում՝ նորից ու նորից ապացուցելով, որ կարծրատիպերով են առաջնորդվում, սովետական, փտած մտածողությամբ, ինչն այսօրվա թատրոնին հարիր չէ: Ես դեմ եմ հին թատրոնին: Երեկ, երբ մենք դերասաններով մամուլի ասուլիս էինք հրավիրել, պատրաստվում էինք շատ հարգալից խոսել իր (նկատի ունի Վիգեն Չալդրանյանին՝ հեղ.) հետ, բայց դրանից 20 րոպե առաջ մեզ ասացին, որ նոր գեղարվեստական ղեկավար ունենք: Գիտե՞ք ինչ դժվար, տքնաջան, մանրակրկիտ աշխատանք է թատերախումբ ստեղծելը, ու մեր թատերախումբը ձևավորվել է հենց այդ դժվարություններով՝ տարիների ընթացքում: Ու այս խմբին պետք է հարգել», - նշեց մեր զրուցակիցը:
Դերասանուհին ընդգծեց՝ խնդիրը ոչ թե անձի, այլ՝ վերաբերմունքի մեջ է. մինչ Վիգեն Չալդրանյանի առաջարկն ընդունելը, Սուրեն Շահվերդյանը կարող էր հանդիպել իրենց հետ, զրուցել: Գուցե ընդհանուր հայտարարի գային: Սակայն սեփական կամայակությամբ իրենց պարտադրել ինչ-որ մեկին, չեն ընդունում:
«Մենք այդքան խնդրեցինք, որ մեզ հարգեն, բայց վարվեցին այնկերպ, ինչպես երկու տարի առաջ՝ մեզ պարտադրելով Վիգեն Չալդրանյանին: Այդքա՜ն չհարգել թատրոնի ստեղծագործական կազմին: Եթե Սուրեն Շահվերդյանը մեզ հանդիպեր, խոսեր, ասեր՝ էրեխեք, ոնց կնայեք այն հանգամանքին, որ ես լինեմ, գուցեև քննարկելու բան ունենայինք, միմյանց հասկանայինք: Ես գոնե իմ անունից կարող եմ նշել, որ գուցեև ընդունեի իր թեկնածությունը, աշխատեի իր հետ: Կարելի էր չէ՞ ազնիվ, բաց ասեին, ոչ թե թաքուն որոշում կայացնեին: Մենք հենց այդ ճղճիմության դեմ ենք: Չգիտեն՝ թատրոնն ինչ է, դրա համար էլ այդքան հեշտությամբ ասում են, որ նոր խումբ կհավաքեն: Ախր մեր թատրոնի ամենամեծ հարստությունը հենց այս դերասաախումբն է, կարելի՞ է այդքան չսիրել այս էրեխեքին», - վրդովված նկատեց դերասանուհին:
Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնի ղեկը ստանձնել է 2016 թվականին: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դերասանները միայն նոր են սկսել դժգոհել նրանից, և որն է դժգոհության հիմնական պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Գիտե՞ք ինչ գործեր կարելի էր ու է ստեղծել այս թատերախմբով, ի՞նչ ներկայացումներ բեմադրել: Բայց արի ու տես, որ հիմա ճգնաժամի մեջ է թատրոնը։ Մեր ըմբոստությունը թափ առավ նոյեմբերի 9-ին, բայց մենք մինչ այդ էլ ներսում բողոքում էինք, ասում, պահանջում, ուղղակի թատրոնի դռներից դուրս այդ ամենի մասին չէինք բարձրաձայնում, հարգում էինք Վիգեն Չալդրանյան ստեղծագործողին: Նոյեմբերի 9-ից առաջ քանի ու քանի անգամ ենք իր աշխատասենյակ գնացել: Մի քանի ժողով է եղել, շատ բան է ասվել, բայց, միևնույն է, օգուտ չկար: Հասկացանք, որ նույն քաղաքականությունն է, ինչը ժամանակին Արմեն Ամիրյանն է բանեցրել. մտածում են, թե ըմբոստությունն ուշացնելով՝ կմարի»:
Ինքն իրեն Վաստակավոր արտիստուհին հարց է տալիս՝ ինչպե՞ս կարելի է 2 տարում երկու ներկայացում բեմադրել, ինչպե՞ս կարելի է ամեն անգամ հանդերձարանների դռների մոտ մարդ կանգնացնել, նոր զգեստափոխվել, ինչ է, թե բռնակը տարիներով չի աշխատում…
Չնսեմացնելով Վիգեն Չալդրանյան արվեստագետի աշխատանքը՝ Նարինե Գրիգորյանն, այնուամենայնիվ, ընդգծեց՝ թե՛ տնօրենի, թե՛ գեղարվեստական ղեկավարի դերում տաղանդավոր արվեստագետը թերի է, իր տեղում չէ, ու դա պատուհաս է դարձել թատրոնի համար:
«Ես գնահատում եմ իրեն՝ որպես ռեժիսոր, չեմ հերքում, որ կինոյի պատմության մեջ մի շրջան կար, որտեղ ինքն էր առաջնորդում, հիանալի գործեր ստեղծեց: Մեկ բան է՝ նկարել, բեմադրություն անել, այլ բան՝ գեղարվեստական ղեկավար լինել: Դա մասնագիտություն է, բնավորություն, տեսակ: Թատրոն գալու օրվանից ասել է, որ սա «փակ» թատրոն է լինելու, դրսից ոչ մի ռեժիսորի հետ չենք համագործակցելու: Իսկ դա նշանակում է ճահիճ, ինչպե՞ս կարող է ժամանակակից թատրոնը փակ թատրոն լինել», - զարմանքով նկատեց բեմադրիչ-դերասանուհին:
Թատրոնի 20 հոգանոց դերասանախմբից 18-ը միաձայն որոշել են, որ գեղարվեստական ղեկավարը Նարինե Գրիգորյանն է լինելու, Արման Նավասարդյանն էլ՝ ժամանակավոր տնօրենը: Մինչդեռ, Վիգեն Չալդրանյանն իր հրաժարականի մասին գրառման մեջ շեշտել էր, որ այս երկու թեկնածուները վաղուց այդ պաշտոնների նկատմամբ ամբիցիաներ ունեն, իրեն էլ դեմ է դերասաններից միայն 7-8 հոգին:
«Վիգեն Չալդրանյանը փորձել է ինձ վերագրել այն, ինչ ինքն է պատկերացնում: 18 հոգի ստորագրել է այն թղթի տակ, ովքեր դեմ են իրեն, իսկ երկու դերասաններին մենք չենք էլ դիմել, քանի որ նրանք Վ. Չալդրանյանի հրավերով են թատրոնում, ճիշտ չէր լինի: Ինչ վերաբերվում է իմ ամբիցիաներին, ծիծաղելի է: Մեր մեջ կար Հրաչյա Գասպարյան, ով հիմնադիրն էր ու մենք վստահ էինք, որ ինքն է լինելու Սոս Սարգսյանից հետո: Մեր մեջ կա Դավիթ Հակոբյան, որը հրաշալի արտիստ, է ու ես հենց իրեն էլ պատկերացնում էի գեղարվեստական ղեկավար: Բայց իմ թեկնածությունը հենց Դավիթ Հակոբյանն էլ առաջարկել է, ինչը հավանության է արժանացել մյուսների կողմից: Ես հասկանում եմ, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելով՝ մեծպատասխանատվություն եմ վերցնելու ինձ վրա: Փորձել եմ հասկանալ, թե գործընկերներս ինչու են հենց ինձ վստահում, ի՞նչ լծակներ ունեմ: Ես երբեք աթոռից, պաշտոնից կախված չեմ եղել, նույնիսկ ծիծաղելի է ինձ՝ նման ամբիցիաներ վերագրելը: Ես իմ առջև շատ ավելի մեծ նպատակներ ունեմ դրած, ու ամբիցիաներ վերագրել մի դերասանուհու, որն այդքան ինքնաբավ է, տարօրինակ է: Ես համաձայնվել եմ հանուն թատրոնի փրկության, ու գնալու եմ, գնալու ենք մինչև վերջ, մեր թատրոնը հիմա հոգևարքի մեջ է, պետք է ոտքի կանգնեցնենք», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանուհին:
Նարինե Գրիգորյանն առաջարկում է՝ թող Վիգեն Չալդրանյանն ու Սուրեն Շահվերդյանը ամերիկահայերի օժանդակությամբ սեփական թատրոնը ստեղծեն, իրենց թատրոնն էլ թողնեն իրենց: Մի քանի տարի հետո համեմատելու բան կունենան, ու ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ: