30/11/2018 09:18
Չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց հեղափոխությունը կարևոր էր նաև Արցախի կոնտեքստում. Ռուբինյան (Տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը, սակայն նշել է, որ հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում:
Ռ.Ռուբինյանը 5-րդ ալիքի եթերում մասնակցել է ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճին:
Վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք Ռ.Ռուբինյանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան արցախյան ճակատամարտը:
«Ոչ, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը: Դուք հղում էիք կատարում Սասուն Միքայելյանի ասածին: Ասեմ ավելին. Սասուն Միքայելյանն էլ չի կարծում, որ դա այդպես է և ինքը անդրադարձել է իր արած հայտարարությանը և, ըստ էության, ընդունել է, որ իր ձևակերպումը հաջող չէր», - պատասխանել է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ:
«Մենք ֆիքսեցինք՝ դուք ինչ ասացիք», - արձագանքել է Ա.Աշոտյանը:
«Այո, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց ես նաև կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր ինքնին և շատ կարևոր էր նաև ընդհանուր Արցախի կոնտեքստում, և դա շատ ամուր հիմք կարող է դառնալ մեզ համար, որպեսզի շահեկան լուծման հասնենք», - ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը:
Նա նաև նշել է, որ արվել է մի հայտարարություն «ոչ այնքան հաջող: Հայտարարություն անողը, հայտարարություն անողի թիմակիցները, բոլորը ասում են, որ, այո, մի քիչ անհաջող հայտարարություն է, այսինքն, մենք այդպես չենք կարծում»:
«Հիմա դուք կառչել եք, անընդհատ կրկնում եք: Դուք գիտեք, չէ՞, որ մենք այդպես չենք կարծում, ես ասացի, չէ՞, Սասուն Միքայելյանն ինքը ասաց, չէ՞, որ էդպես չէր ուզում ձևակերպեր: Ինչի՞ եք շարունակում ծամծմել այս թեման», - նշեց Ռ.Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդդ, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։
Դրանից հետո այդ հայտարարությանն էր անդրադարձել Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Բացի այդ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դիմում է իր բոլոր մարտական և զինակից ընկերներն՝ «Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին»: Միքայելյանի հայտարարությանն է անդրադարձել նաև Արցախի ԱԱԽ քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց Սասուն Միքայելյանին քննադատողներին՝ հորդորելով չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել «քիթները խոթել քաղաքականության մեջ»: