30/11/2018 12:06
Ոչ մի իշխանավոր չի կարող ոչ ծախել, ոչ էլ առնել Արցախը. Գառնիկ Իսագուլյանը կոչ է անում զերծ մնալ Արցախի հարցի շահարկումներից
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ արցախյան հիմնահարցի քննարկումից նախընտրական շրջանում։
«Մենք երբեմն խոսում ենք բանակի մասին՝ չհասկանալով, թե ում ենք ասում, ինչու ենք ասում՝ չհասկանալով, թե այդ ասածները ինչ ծանր հետևանք կարող են ունենալ մեզ համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Նա թե ՀՅԴ-ին, թե «Իմ քայլը» դաշինքին, թե ՀՀԿ-ին կոչ արեց Արցախի հետ կապված խնդիրները չդարձնել քննարկման առարկա։
«Պետք չէ փորձել այդ հարցրեի արծարծմամբ դիվիդենտ շահել», - ասաց նա։
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է։
«Դա կարող է շատ հեռուն տալ, դրա համար կոչ եմ անում զերծ մնալ Արցախի հարցից... ով է ծառայել, ով չի ծառայել, ինչ զենք է, որ թվականի զենք է, Արցախում ով իրեն ոնց պիտի պահի», - ասաց նա։
Նա շեշտեց՝ Արցախը ոչ մի իշխանավոր չի կարող ոչ ծախել, ոչ էլ առնել։
«Արցախի խնդիրը լուծված-վերջացած է», - ընդգծեց Գ. Իսագուլյանը։