30/11/2018 13:20
Արցախի հարցով անհարկի շահարկումները մեզ լավ տեղ չեն տանելու. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը վստահեցնում է` Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև լարվածություն չկա։
«Եթե որոշ անհատներ իրենց կարծիքներն են հայտնել, դա դեռևս իշխանության տեսակետը չէ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Հյուսնունցը։
Արցախի խորհրդարանի պատգամավորն ընդգծեց՝ «Արցախի հարցով անհարկի շահարկումները մեզ լավ տեղ չեն տանելու»։
Նա նշեց՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում ընտրություններն անցնեն թափանցիկ, արդար։
«Մեր օգնությունը չխանգարելն է, եթե որոշ մարդիկ փորձում են խանգարել, կարծում եմ՝ դա դատապարտելի է», - ասաց նա։
Արցախի խորհրդարանի պատգամավորը չցանկացավ մեկնաբանել իր մարտական ընկերոջ՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որն ասել էր՝ «Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը»։
«Եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը այդ վրիպումների, խոսքի անհասկացողության համար ներողությւոն է խնդրել, կարծում եմ, բոլոր քննարկումները պետք է դադարեն», - ասաց Ռուդիկ Հյուսնունցը։