30/11/2018 14:03
Արցախի իշխանություններն, ի տարբերություն Հայաստանում իշխող ներկայիս վարչախմբի, ունեն բարձր պատասխանատվություն. Շահնազարյան (Տեսանյութ)
Ես չեմ ուզում ածականներ օգտագործել, բայց ես կարծում եմ, որ դա իմպուլսիվ հայտարարություն չէր, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների վերաբերյալ նախօրեին հնչեցրած հայտարարությանը, ասաց Դավիթ Շահնազարյանը։
«Դա բավական լավ մշակված, էքսպրոմտի տեսքով ներկայացված հայտարարություն էր։ Դա նույն շղթայում է, ինչ սկսվեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից», - ասաց Շահնազարյանը։
Նրա գնահատմամբ՝ Արցախի Հանրապետության ղեկավարությունը բավական սառնասիրտ է.
«Արցախի իշխանությունն այդ թեթևամիտ և սադրիչ հայտարարություններին որևէ պատասխան չտվեց, որովհետև Փաշինյանի այն փորձը, որ նա արդեն կատարում է իր թիմի հետ, նպատակաուղղված է ստեղծել հրապարակային հակադրություն Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Արցախի իշխանություններն, իհարկե, նման սադրանքի չեն տրվի, որովհետև ի տարբերություն Հայաստանում իշխող ներկայիս վարչախմբի, նրանք ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»։
Շահնազարյանն ասաց, թե մինչ այս որևէ մեկը Հայաստանում նման տոնով և նման բառերով ոչ միայն Արցախի իշխանություններին, այլ նաև Արցախի քաղաքացուն չէր դիմել։