30/11/2018 14:58
Ովքեր ասում են՝ «Իմ քայլը» արդեն հաղթել է, ուզում են ուղղորդել ընտրողներին չգնալ ընտրատեղամասեր, որ հետո ասեն՝ ժողովուրդը հիասթափվել է. Փաշինյան
Բոլոր այն ուժերը, որոնք ասում են, որ ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են ու հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, նպատակ ունեն ուղղորդել ընտրողներին չգնալ ընտրական տեղամասեր ու չկատարել իրենց քաղաքացիական պարտքը, Եղվարդում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նման հռետորաբանությունն, ըստ Փաշինյանի, ուղղված է ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցության պատկեր ստանալուն:
«Ասում են՝ «Իմ քայլը» դաշինքը հաղթել է, պարզ է, դե պայքարն էլ առանձնապես իմաստ չունի: Սա ասում են, որ ձեզ բոլորիդ զրկեն մոտիվացիայից, որ էդ օրը կարողա մի քիչ էլ անձրև լինի, ասեք ՝ լավ է հաղթած են, գնամ ընտրատեղամաս ինչ անեմ: Նրանք ամեն ինչ ուզում են անեն, որ էդ օրը քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին նվազի, իրենք էլ ասեն՝ վայ, տեսեք մարդիկ հիասթափված են, չմասնակցեցին ընտրություններին: Ուզում եմ կոչ անել, եթե նույնիսկ դեկտեմեբրի 9-ին փոթորիկ լինի, գնաք ընտրատեղամաս ու ընտրություն կատարեք, քանի որ դա ձեր քայլն է դեպի երջանիկ պետություն», - ասաց Փաշինյանը: