30/11/2018 12:35
Նկատվում է անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանություն, հատկապես, առցանց տիրույթում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է միջանկյալ զեկույցը
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ընտրությունների միջանկյալ զեկույցը։
Եվրոպացի դիտորդները նախ մանրամասն նկարագրել են արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական իրավիճակը, Հայաստանում ընտրական գործընթացների իրավական կարգավորումները, արձանագրել, որ հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող ու ներկայացրել որոշ մտահոգություններ։
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ կուսակցությունները ներկայացնող զրուցակիցները վստահաբար նշել են ԺՀՄԻԳ դիտորդական խմբին, որ իրենք կարող են ազատորեն քարոզչություն անցկացնել, սակայն ոմանք մտահոգություն են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, ձայների գնման և ընտրողների վրա գործադրվող ճնշումների վերաբերյալ, հատկապես գյուղական վայրերում:
ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության խմբի զրուցակիցների մեծ մասը մտահոգություն է հայտնել շարունակական ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ, հատկապես առցանց տիրույթում:
Նշվում է, որ պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը զուգահեռ արգելվում է: Որոշ քաղաքական կուսակցություններ էլ դիտորդներին հայտարարել են, որ նոյեմբերի 19-ին
գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում։
Ինչ վերաբերում է լրատվական դաշտին, եվրոպացի դիտորդներն իրենց զեկույցում, վկայակոչելով իրենց զրուցակիցներին, նկատել են, որ շատ մասնավոր լրատվամիջոցներ, այդ թվում որոշ խոշոր հեռուստաընկերություններ, ֆինանսավորվում են տարբեր քաղաքական խմբերին հարող ձեռնարկատերերի կողմից, և հետևաբար ընկալվում են որպես քաղաքական կուսակցությունների հետ սերտորեն փոխկապակցված:
Ըստ նույն զեկույցի, Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց:
Զեկույցի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։