30/11/2018 18:05
Մեր օրակարգում ունենք ամբիցիոզ խնդիր՝ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի. Նիկոլ Փաշինյան
Մենք ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն այնպես, ինչպես եղել են՝ ռազմավարական և դաշնակցային, այսօր Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այդ բառակապակցությունը՝ ռազմավարական, դաշնակցային, ամեն օր, ամեն տարի պետք է շատ բան նշանակի։ Դա նույնպես աշխատանք է, և մեր կառավարությունը նույնպես պատրաստ է այդ աշխատանքը անել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները իրոք նոր մակարդակի վրա բարձրանան, որովհետև մենք իրոք, անհրաժեշտ ենք համարում ռազմավարական-դաշնակցային գործընկերության լրջագույն զարգացումը։ Այդ բառակապակցությանը նոր՝ ավելի կարևոր և ավելի գործնական իմաստ ենք հաղորդելու, ձեր թույլտվությամբ», - դիմելով բնակչությանը՝ հայտարարեց Փաշինյանը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա դնելը, նա որակեց «ամբիցիոզ ու շատ կարևոր խնդիր»։
Իշխող քաղաքական ուժի ղեկավարը ողջունեց բոլոր հարթակները, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը։ Նրա խոսքով՝ ինքը ոչ մի երկրի լիդերի հետ չի շփվել այնքան շատ, որքան ՌԴ նախագահի, սակայն այդ շփումները պետք է շարունակվեն բոլոր մակարդակներում։