30/11/2018 17:42
Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի անվտանգությունը. Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Նաիրա Զոհրաբյանին
Այսօր Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին։ Վերջինս նախընտրական հանդիպման ժամանակ կոչ էր արել մարդկանց իրենց քվեով հնարավորություն տալ Գագիկ Ծառուկյանին, որ նա շարունակի ներդրումներ անել Հայաստանում։
Ի պատասխան՝ այսօր Փաշինյանն ասաց, որ նման տրամաբանություն, որը հատուկ է եղել «հին Հայաստանին», չի կարող գործել «նոր Հայաստանում»։
«Այս հայտարարությունը չի արտահայտում այն քաղաքական ու տնտեսական իրավիճակը, որն այսօր կա Հայաստանում։ Մեր պատկերացմամբ քվեն ու ներդրումը չպետք է միմյանց հետ կապ ունենան։ Եթե ենթադրենք քվեն չկա, ենթադրենք, որ մարդիկ Ազգային ժողովի պատգամավոր չեն, քվե չեն ստանում, չեն էլ ակնկալում, նրանք, ի՞նչ է, ներդրումներ չե՞ն անում։ Ներդրումների ու քվեի կապը նշելը ճիշտ չէ, այն առումով, որ դա մի տեսակ «հին Հայաստանի» սիմվոլ է, որովհետև «հին Հայաստանի» տնտեսական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ Հայաստանում ներդրողների 90 տոկոսին կարելի էր տեսնել խորհրդարանում։ Ժողովուրդը փոխել է այդ տրամաբանությունը։
Մեր կառավարությունն ասել է, որ մենք երաշխավորում ենք բոլոր ներդրումների անվտանգությունը՝ անկախ ներդրողի քաղաքական պատկանելությունից։
Ես կարծում եմ՝ ուղղակի կոռեկտ չէ «ձայն տվեք, որ ներդրում լինի» տրամաբանությունը։ Դա նոր Հայաստանի տրամաբանություն չէ։ Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի անվտանգությունը», - հայտարարեց Փաշինյանը։
Իշխող ուժի առաջնորդը նկատեց, որ գործարարների 95 տոկոսից ավելին պատգամավորության թեկնածու առաջադրված չէ և հարցադրում արեց. «Ի՞նչ է նշանակում, նրանք ներդրումներ չպետք է անե՞ն»։ Միաժամանակ ընդգծեց, որ եթե գործարարները չեն առաջադրվել, ապա դա ամենևին էլ չի նշանակում, թե դրանով նրանք նսեմացվում են։ Ավելին, ըստ Փաշինյանի, գործարարի կարգավիճակը պետք է բարձրացնել, քանի որ գործարարությունը չպետք է սահմանափակի քաղաքացիների քաղաքական ազատությունը։
«Գործարարները պետք է ազատված լինեն քաղաքական պարտավորությունից», - հայտարարեց Փաշինյանն ու մի պատմություն պատմեց. «Երբ ես ընտրվեցի վարչապետ, հանդիպում ունեցա գործարարների, այդ թվում՝ գործարար պատգամավորների հետ, և ես նրանց հարցնում էի՝ ձեր ինչի՞ն է պետք, որ դուք առաջադրվում եք պատգամավորի թեկնածու։ ՀՀԿ-ի կողմից առաջադրվածների մասին է խոսքը։ Նրանցից մի մասը շատ անկեղծ ասում էին՝ ձեզ թվում է՝ մենք ուզո՞ւմ ենք առաջադրվել, մեզ ստիպել են առաջադրվել, ասել են՝ կգնաք, էսինչ տեղամասում կառաջադրվեք, էսքան փող կծախսեք, էսքան ձայն կապահովեք։ Եթե չապահովեք, կտեսնեք՝ ինչ է լինում ձեր վերջը։ Ահա այս իրավիճակում գործարարների համար հեղափոխությունը, իրոք, ազատարար նշանակություն է ունեցել»։
Նա վստահեցրեց, որ ոչ մի բիզնեսմենի չեն ասել՝ մեզ ձայն կբերեք, հակառակ դեպքում դա կնշանակեր, որ հին քաղաքական համակարգն է վերակենդանացվում։