30/11/2018 16:15
Ջրի սակագինը չի բարձրանա. Փոխարենը Ջրային կոմիտեն իր վրա կվերցնի «Վեոլիա ջրի» ստանձնած որոշ պարտականություններ
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն իր վրա կվերցնի «Վեոլիա ջուր» ընկերության որոշ ներդրումային ծրագրերի իրականացումը, դրա դիմաց ընկերությունը մինչև 2025 թվականը սպառողի համար չի բարձրացնի ջրի սակագինը:
Aysor.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը տեղեկացրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստում որոշվել է, որ 2019 թվականին ջրի սակագները կբարձրանան, սակայն չեն կիրառվի:
Նա ընդգծեց՝ բարձրացված սակագնի կիրառումը, փոխադարձ համաձայնությամբ, կտեղափոխվի 2025 թվական։
«Նիստում հայտարարվել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտը հիմնավորված է, մանրածախ ջրամատակարարման սակագինը բարձրանում է մինչև 202,272 դրամ, իսկ մոտավորապես 10,858 դրամը չի կիրառվի հաջորդ տարի, այլ՝ կիրառումը կտեղափոխվի 2025 թվական», - մանրամասնեց Մ.Սարգսյանը։
Նա ասաց՝ որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությունը ֆինանսապես չտուժի, ընկերության ստանձնած պարտականությունները՝ որոշ ներդրումային ծրագրերի իրականացումը, իր վրա կվերցնի Ջրային կոմիտեն։
Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ալավերդիում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։
««Վեոլիա ջրի» ու ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրով՝ դեկտեմբերին պետք է խմելու ջուրը թանկանար 11 դրամով, բայց մենք բանակցել ենք ընկերության հետ ու մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով։