30/11/2018 11:11
Մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություններ, նախագահներ, իշխանություններ են այն ղեկավարում. Զատուլին
Ռուսաստանը սիրում է Հայաստանն՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություններ են այստեղ գործում, այսօր Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի բացմանն ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Այսօր Հայաստանն ապրում է շատ կարևոր ներքին գործընթացներ: Այս կոնտեքստում մենք հետաքրքրված ենք, որ ոչ մի րոպե չդադարի կարծիքների փոխանակումն ու կենդանի շփումը մեր հասարակությունների միջև բոլոր ոլորտներում», - ասաց Կոնստանտին Զատուլինը` շարունակելով.
«Մենք գիտենք, որ մոտ ապագայում Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հասկանում ենք, որ անցակցնում ենք այս ակումբի նիստը Հայաստանի համար շատ կարևոր ներքաղաքական ժամանակաշրջանում: Բայց մենք, ցանկանում եմ շեշտել՝ ցանկացել ենք լիովին հեռանալ այսօր այստեղ Հայաստանի կամ, օրինակ, Ռուսաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեսլականների քննարկումից»:
Կոնստանին Զատուլինը նշեց, որ քննարկվելու է երկու ժողովուրդների խաղաղ կյանքի հարցը` խաղաղ սահմանների ու անվտանգության պայմաններում:
Նա ընդգծեց` Հայաստանում ու Ռուսաստանում «շատ խելացի մարդիկ» իրենց խորհուրդ էին տալիս հետաձգել Երևանում ակումբի անցկացումը:
«Մեզ ասում էին՝ այժմ Հայաստանում ոչինչ անցկացնել չի կարելի, այնտեղ շատ վճռորոշ պահ է: Աստված չանի, ինչ-որ բան այնպես չգնա կամ ինչ-որ մեկն այնպիսի բան չասի: Ես ուզում եմ ասել` մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություններ, նախագահներ, իշխանություններ են այն ղեկավարում», - ասաց Կ. Զատուլինը:
Նրա խոսքով՝ հարգանքով է մոտենում այն հանգամանքներին, որոնք թույլ չեն տվել Հայաստանի ներկա ու նախկին ղեկավար կազմերին ներկա գտնվել ակումբի գործունեությանը՝ չնայած փաստին, որ ակումբը հրավիրել էր բոլորը: