30/11/2018 09:27
«Ժողովուրդ». ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից:
«Մասնավորապես, զորամասի հրամանատարներին և տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն որևէ մեկի հետ, որը կապ ունի Զինված ուժերի հետ և հնարավոր է` լինի տեղամասում կամ դրա շրջակայքում:
Այս հրահանգը տալով` ՊՆ ղեկավար կազմը հրամանատարներին բացատրել է, որ սրա նպատակը մեկն է՝ որպեսզի զինվորները չտեսնեն իրենց ղեկավարներին և ավելորդ անգամ չկաշկանդվեն: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ զորամասի զինվորներին նաև ասվել է` եթե կա որևէ մեկը, որին չի հետաքրքրում ընտրությունները, կարող է չներկայանալ ընտրության, որևէ մեկը չի կարող և իրավունք չունի նրան ստիպել գնալ այդ քայլին», - գրել է թերթը: