30/11/2018 10:32
Չէի ուզի կրակի մեջ յուղ լցնել՝ ասելով այս իրավիճակում՝ ում ճիշտ կլիներ ՀԱՊԿ քարտուղար նշանակել, ում՝ ոչ. Զատուլին (Տեսանյութ)
Դժվար է գուշակություններ կատարել, թե ինչ տեղի կունենան դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման քննարկման ժամանակ, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Դեկտեմբերի 6-ին, ինչպես գիտեք, կայանալու է ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը: Դժվար է գուշակություններ կտարել, թե ինչ տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Էթիկական նորմերից ելնելով ևս՝ ես հիմա չէի ուզի կրակի մեջ յուղ լցնել՝ ասելով այս իրավիճակում՝ ում ճիշտ կլիներ քարտուղար նշանակել, ում՝ ոչ», - նկատեց Զատուլինը:
Նա ընդգծեց, որ իրավիճակը ստանդարտ չէ, հետևաբար ՀԱՊԿ կանոնակարգով նման իրավիճակների համար կանոններ մշակված չեն՝ վստահություն հայտնելով, որ դրանք կմշակվեն ու հարցը կքննարկվի դրանց համաձայն:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը քննարկվելու են դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ է արվել, իսկ ժամանակավոր քարտուղար էր նշանակվել Բելառուսի ներկայացուցիչը: