30/11/2018 13:30
Գործադուլ՝ Համազգային թատրոնում. Սուրեն Շահվերդյանը պատրաստ է հայտարարություն տալ և նոր թատերախումբ հավաքել
Շուրջ մեկ ամիս է՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտ է. դերասանական կազմի մեծ մասը պահանջում է գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Նոյեմբերի 28-ի վերջինս Facebook-յան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ միայն գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ու արդեն երեկ, երբ թատրոնի սրահներից մեկում դերասանները մամուլի ասուլիս էին անում, տնօրեն Վիգեն Չալդրանյանի աշխատասենյակում նոր հրաման էր ստորագրվում՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը:
Aysor.am-ի հետ զրույցում նոր գեղարվեստական ղեկավարը նշեց՝ առաջարկը Վիգեն Չալդրանյանի կողմից ստացել է չորս օր առաջ, ու սիրով համաձայնել է: Թատրոնի դերասանների հետ դեռ չի հանդիպել: Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում իր և դերասանների համագործակցությունը, եթե նրանք չընդունեն Վիգեն Չալդրանյանի «բերած» մարդուն, Սուրեն Շահվերդյանը նկատեց.
«Պատմությունը ցույց է տալիս, որ մերթ ընդ մերթ տարբեր թատրոններում ճգնաժամ է սկսվում: Օրենքը թույլ չի տալիս դերասաններին, որպեսզի իրենք ընտրեն իրենց գեղարվեստական ղեկավարին, այլ վերջինս նշանակվում է, գալիս թատրոն ու անձամբ պայմանագրեր կնքում դերասանների հետ՝ համաձայնեցնելով տնօրենի հետ: Ինքս սիրով պատրաստ եմ աշխատել այս թատրոնի բոլոր դերասանների հետ, ովքեր նման ցանկություն կունենան»:
Սակայն թատրոնի դերասաններն արդեն իսկ հայտարարել են՝ դեմ են նաև նոր գեղարվեստական ղեկավարին ու պատրաստվում են դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ սկսել: Վերջինս էլ չթաքցրեց՝ բոլոր նրանք, ովքեր կշարունակեն, իր իսկ խոսքով, անօրինական գործողություններն ու գործադուլները, ապա նրանց հետ համագործակցությունը կդադարեցնի:
«Հայաստանի Հանրապետությունում բազում տաղանդավոր դերասաններ կան, որ անընդհատ թատրոնների դռներ են թակում՝ աշխատանքի ակնկալիքով, սակայն շատ թատրոններում հաստիքներ չկան: Եթե մեր թատրոնի անձնակազմը իմ ներկայացրած ծրագրին համաձայն չլինի, չցանկանա ինձ հետ աշխատել, պատրաստ եմ հայտարարություն տարածել ու հավաքել նոր թատերախումբ, աշխատել նրանց հետ», - ընդգծեց նա:
Ս. Շահվերդյանը տեղեկացրեց՝ չի պատրաստվում միանձնյա կառավարել թատրոնի գեղարվեստական մասը: Առաջարկել է ստեղծել գեղարվեստական խորհուրդ, որն էլ ընդունվել է տնօրեն Վիգեն Չալդրանյանի կողմից, սակայն այդ խորհրդում չեն ընդգրկվի թատրոնի ներսում գտնվող մարդիկ, այլ կհրավիրվեն թատերագետներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ:
«Ես նրանց կհանձնեմ այս թատրոնի հետ կապված իմ ծրագիրը, որտեղ հստակ նշված է, թե ինչ եմ անելու, ուր եմ պատրաստվում տանել թատրոնը: Նրանք թող հետևեն ծրագրի ընթացքին ու հաշվետվություն պահանջեն ինձանից՝ այդ ծրագրի իրականացման մասին: Այնպես որ, ես չեմ գալիս այստեղ միանձնյա որոշելու այս թատրոնի գեղարվեստական, գեղագիտական ուղղությունը: Կոլեգիալ որոշումն առողջ որոշում է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սուրեն Շահվերդյանը: