01/12/2018 10:17
«Փաստ». Հայհոյանքի ու սադրանքների դիմում են այն ժամանակ, երբ սպառվում են բոլոր փաստարկները
«Փաստ» թերթը գրում է. «Բանավեճերի կամ որևէ պայքարի ժամանակ ափերից դուրս են գալիս, հայհոյանքի ու սադրանքների դիմում են այն ժամանակ, երբ սպառվում են բոլոր փաստարկները: Երբ ուղղակի համոզիչ ասելիք չկա: Ընդհանրապես, հայհոյանքն ու ստորությունը պարտված մարդու գործիքներ են: Ոչ միայն տվյալ ժամանակահատվածում, կամ տվյալ պահին: Ընդհանրապես, ամբողջ կյանքում: Դա ուղղակի չկայացածության հետևանք է:
Սրանում դեռ չե՞ք համոզվել, ուրեմն ավելի ուշադիր ուսումնասիրեք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Իսկ ավելի կոնկրետ՝ վարկանիշային թեկնածուների պայքարը: Ովքեր ասելիք ունեն, անցած ճանապարհ ունեն ու փորձ, ովքեր ունեն հեղինակություն, ներկայանում են դրանցով, ավելի հանդարտ են, հավասարակշռված: Ի տարբերություն նրանց ու ընդդեմ նրանց հանդես են գալիս ոմանք, որոնց ճանաչումը որպես կանոն սահմանափակվում է սեփական տան պատերի ներսում, լավագույն դեպքում՝ կողքի մի երկու հարևանները վրադիր: Քիչ չեն նրանք, որոնք մեծ ճանաչում ունեն, բայց այնպիսի, որ նույն այդ կողքի հարևանին անգամ բաց ճակատով չեն հանդիպի, առանց աչքերը փախցնելու փողոց դուրս չեն գա:
Ուրեմն ի՞նչ պիտի անեն նմանները: Իրավացի եք՝ աջուձախ մրոտեն, վարկաբեկեն, հայհոյեն: Բայց դե, հուսանք՝ իսկապես իրավիճակ է փոխվել, ու այդպիսիններին մեր հասարակությունը կուղարկի այնտեղ, ուր Նիկոլ Փաշինյանն է ժամանակ առ ժամանակ ուղարկում՝ պատմության աղբանոցը: Թեպետ այս դեպքում դա էլ է շատ»: