01/12/2018 13:49
«Իսկանդերի» ձեռքբերումը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար. Վլադիմիր Եվսեև
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապի ստեղծումը կնպաստի ԼՂ տարածքում լարվածության նվազմանը, «Լազարևյան ակումբի» լիագումար նիստի ժամանակ հայտարարեց նա:
«ՀՀ-ում հիմա քննարկվում է այն հարցը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ուղիղ կապի հաստատումը կնպաստի ԼՂ սահմանում լարվածության նվազմանը: Կարծում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում», - նշեց նա:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ միայն ՀՀ-ՌԴ սերտ ռազմաքաղաքական համագործակցությունն է համարվում ԼՂ անվտանգության ապահովման երաշխավորը:
«Դա է, որ թույլ չի տալիս Ադրբեջանին և Թուրքիային հարձակվողական գործողություններ կատարել ինչպես ԼՂ, այնպես էլ ՀՀ տարածքում», - նշեց նա:
Փորձագետը ընդգծեց, որ ներկայումս ԼՂ տարածքում ռազմական դրությունը բարենպաստ չէ Արցախի և ՀՀ բանակի համար, քանի որ Ադրբեջանի զինված ուժերն ունեն առավելություն սպառազինությունների քանակի տեսանկյունից:
«Հնարավոր եղավ լիկվիդացնել Ադրբեջանի սպառազինությունների առավելությունը ՌԴ-ից ՀՀ մատակարարված ժամանակակից սպառազինությունների շնորհիվ, մասնավորապես, «Իսկանդերի» ձեռքբերումը Հայաստանին հնարավորություն տվեց Բաքվին պատասխան հարված հասցնելու հարցը դնել, ինչը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար», - նշեց նա:
Վերջինս նկատեց՝ կարևոր է ոչ միայն սպառազինությունների քանակը, այլև դրանց որակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձեր է կատարում որակյալ սպառազինություններ ձեռք բերելու համար:
«Եթե Ադրբեջանին հաջողվի կրկին որակական առումով առավելություն գրանցել ՀՀ նկատմամբ, դա կարող է նպաստել որոշակի լարվածության աճի: Ցանկանում եմ ընդգծել, որ սահմանի ցանկացած փոփոխություն այս պարագայում կարող է հանգեցնել ոչ միայն անվտանգության գոտու կորստի, այլև՝ Լեռնային Ղարաբաղի կորստին ամբողջությամբ: Ցանկացած քննարկումներ սահմանի փոփոխության մասին, մասնավորապես, անվտանգության գոտում գտնվող որևէ տարածք հանձնելու մասին, փաստացի Ադրբեջանին թույլ կտա ողջ Ղարաբաղը գրավելու օպերացիա ձեռնարկել», - նշեց նա:
Վերջինս նաև նկատեց, որ Բաքուն չունի համապատասխան զենք «Իսկանդերին» համարժեք պատասխան տալու համար, մինչդեռ շարունակելու է փնտրել գործընկերներ, որոնցից հնարավոր կլինի նման զենք ձեռք բերել: