01/12/2018 15:09
Մեկնարկում է նոր արտ-նախագիծ. «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառք
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին` ժամը 18:00-ին, Երևանի կամերային պետական թատրոնի «Երկաթ» սրահում կմեկնարկի նոր արտ-նախագիծ՝ «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների շարք:
«Կամերային ցուցահանդեսներ»-ի նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:
«Կամերային ցուցահանդեսներ» նախագիծը շարունակական է. յուրաքանչյուր ամիս կընտրվի մի արվեստագետ, ով հնարավորություն կունենա լավագույնս ներկայանալու արվեստաբաններին, հանրությանը, արվեստագետներին և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին:
«Կամերային ցուցահանդեսներ» նախագծը կմեկնարկի գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի (Սերսի Խենթի) ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքով, որի շրջանակում կներկայացվի հեղինակի երբևէ չցուցադրված շուրջ 20 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ:
Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թվականին` ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի ուսումնարանում և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1987 թվականին Վայքի մշակույթի տանը կայացել է նրա առաջին անհատական ցուցահադեսը: 1989 թվականին աշխատանքի է անցել Վայքի մշակույթի տանը, հիմնել է նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել Վայքի թիվ 2 դպրոցում: 1992 թվականին Վահրամ Միքայելյանը Վայքի կամավորական ջոկատի հետ մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին և ծանր վիրավորվել:
Վահրամ Միքայելյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև դեկտեմբերի 29-ը: